Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների
պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված
ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարձակ
պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին
այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները
կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են,
որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների
պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող
երեխաներ են՝ 15-16 տարեկան:
Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են
երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների
ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից
դանակով քերել են Արցախի դրոշը:
Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս
տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները
ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝
դիմակով ու զինված:
Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում,
ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու
կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ
ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք
փաստագրել ենք: