Մարդու իրավունքների պաշտպանը Բուլղարիայի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի
հետ կատարվող վերջնահաշվարկի կարգի վերաբերյալ:
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի
հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների
պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր
դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ
կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի
համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում
է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի
կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:
Հ.Գ. «Հետք Մեդիա գործարան»-ի լրագրողական հետաքննությունը սուպերմարկետներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ նյութը մեզ մոտ ուսումնասիրվել է և այսօր այն, ըստ իրավասության, ուղարկում եմ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքային իրավունքների հարցով ուսումնասիրությունների կամ արված լինելու դեպքում Տեսչական մարմնից տեղեկություններ ստանալու համար: