Յուրաքանչյուր ոք ունի Մարդու իրավունքների
պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրացիները, քաղաքացիություն
չունեցող և այլ անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք
հանձնելու միջոցով և առցանց եղանակով: Պաշտպանին կարելի է դիմել նաև բանավոր:
Եթե կարծում եք, որ պետական կամ
տեղական ինքնակառավարման մարմինը, պաշտոնատար անձը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունը խախտել են
Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված Ձեր իրավունքը, ապա կարող եք դիմել Մարդու
իրավունքների պաշտպանին:
Պաշտպանի քննարկմանը ենթակա հարցերի
շարքում են նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից
մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները: Այնուամենայինվ, այս
պարագայում պետք է առկա լինի տեղեկություն այն մասին, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների
կամ ազատությունների զանգվածային խախտումներ, կամ այդ խնդիրն ունի հանրային նշանակություն
կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք չեն կարող դա իրականացնել
ինքնուրույն:
Բողոքն ստանալուց
հետո 30 օրվա ընթացքում իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը
կայացնում է հետևյալ որոշումներից մեկը և ծանուցում բողոք ներկայացրած անձին.
1) բողոքը
քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը
չքննարկելու մասին.
3) բողոք
ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները
ներկայացնելու մասին.
4) բողոքն
այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
Բողոքի հիման վրա հարցի քննարկման
ընթացակարգ սկսելուց զատ, Պաշտպանը կարող է քննարկում իրականացնել սեփական նախաձեռնությամբ,
և օգտվել իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի
քննարկման կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ
հարցի քննարկման ընթացակարգ է նախաձեռնվում, եթե առկա են մարդու իրավունքների զանգվածային
խախտումներ, եթե խոսքը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող հարցի, եթե խախտվել
են այնպիսի անձանց իրավունքներ, որոնք չեն կարող ինքնուրույն իրականացնել իրենց շահերի
պաշտպանությունը:
Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ
սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) մարդու իրավունքների կամ
ազատությունների խախտման առկայության մասին,
2) մարդու իրավունքների կամ
ազատությունների խախտման բացակայության մասին,
3) մարդու իրավունքները կամ
ազատությունները խախտող, օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական
ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու
մասին,
4) բողոքի քննարկումը դադարեցնելու
մասին:
Անհատական դեպքերի քննարկմամբ
վեր հանված համակարգային խնդիրների հիման վրա Պաշտպանն առաջարկում օրենսդրական փոփոխություններ
և դիմումներ է հասցեագրում Սահմանադրական դատարան: