«Սովորաբար,
երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում
է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն:
Գենդերային հավասարությունը, ինչպես իրավահավասարության ցանկացած այլ ոլորտ, չի ենթադրում
որևէ մեկին արտոնությունների տրամադրում, այլ ենթադրում է հավասար հնարավորությունների
երաշխավորում».
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ
Տաթևիկ Մատինյանի հետ փոդքաստի շրջանակներում խոսել է գենդերային հավասարության, կանանց
իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների և իր փորձառության մասին:
«Մեր միջավայրում
առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, որոնք, մեզ թվում է, երբեք չպետք
է խախտվեն: Սրանք կարծրատիպային մոտեցումներ են, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում
են գենդերային հավասարության գրեթե բոլոր բնագավառներին: Բոլոր ոլորտներում կանանց
և տղամարդկանց հավասար մասնակցությունը շատ կարևոր է»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն
անդրադարձել է նաև սեռով պայմանավորված կանանց թիրախավորմանը. «Ավելին, կանայք շատ
հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:
Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է»: