Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա իրավասու ներկայացուցիչը
բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ունի լիազորություն անարգել այցելելու
իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն: Բացի այդ,
Պաշտպանը՝ միջազգային կոնվենցիոն կարգավիճակների հիմքով, ունի նաև մշտադիտարկման այցեր
կատարելու հնարավորություն: Յուրաքանչյուր դեպքում պահպանվում է այցերի գաղտնիությունը՝
դրանք իրականացվում են առանց նախնական իրազեկման:
Այս երկու տիպի այցերը տարբերվում են իրականացման հիմքով և նպատակով:
Առաջին դեպքում հիմքն անհատական բողոքն է կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցը:
Մշտադիտարկման այցի իրականացման հիմքը համապատասխան հաստատություններում բնակվող կամ
ազատությունից զրկված անձանց պայմանները և իրավունքների ապահովման վիճակի պարբերական
ստուգումն է՝ անկախ անհատական բողոքների առկայությունից:
Մշտադիտարկման այցեր են իրականացվում
նաև Պաշտպանի՝ «Երեխայի
իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի
կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող ազգային հաստատության
մանդատի շրջանակներում: Մշտադիտարկման
այցերն իրականացվում են խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր միջազգայնորեն ընդունված սկզբունքների
հիման վրա որդեգրվել է Պաշտպանի՝ որպես կոնվենցիոն մարմնի և օմբուդսմանի գործառույթների
փոխլրացման արդյունավետ մեխանիզմ:
Մասնավորապես, այցերի տեսակների
նախնական տարանջատումը չի ենթադրում, որ մշտադիտարկման այցերի ընթացքում ուշադրություն
չի դարձվում անհատական բողոքներին և դրանցում բարձրացված խնդիրներին: Ավելին, դրանք
որոշ առումով ուղենիշ են համարվում մշտադիտարկման այց իրականացնողների համար, որոնք
մինչև այցը, ի թիվս այլնի, քննարկում են կոնկրետ հաստատության վերաբերյալ Պաշտպանին
հասցեագրված բողոքները: Հատկանշական է, որ մշտադիտարկման այցերի ընթացքում ստացած անհատական
բողոքները նույնպես քննարկման առարկա են դարձվում: Հնարավորության դեպքում դրանցում
բարձրացված խնդիրները լուծվում են տեղում կամ փոխանցվում են Պաշտպանի աշխատակազմի՝
անհատական բողոքներով զբաղվող կոնկրետ ստորաբաժանմանը:
Այսինքն, մշտադիտարկման ընթացքում ի հայտ եկած անհատական դեպքերը
փոխանցվում են դրանք քննարկող ստորաբաժանմանը, և հակառակը՝ անհատական բողոքներով վեր
հանվող համակարգային բնույթի հարցերը ներկայացվում են մշտադիտարկման այց իրականացնող
անձանց ուշադրությանը՝ ապահովելով տեղեկությունների փոխանակման ճկուն համակարգ: