Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար նշում են, թե ՀՀ
Զանգեզուրն ու Գեղարքունիքի մի մասն իրենց տարածքներն են: Դրա հետ միասին,
շարունակում են խոսել Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ցեղասպանության ու էթնիկ
զտումների հռետորաբանությամբ, բացահայտ թշնամանքի քարոզով ու հայ ժողովրդին
ուղղված վիրավորական բառապաշարով: Ավելին, նրանց զինվորները նույնիսկ ունեն այդ
քարտեզները:
Բա եթե այդպես է, ուրեմն մենք էլ պետք է մեջբերենք պատմական
աղբյուրներն ու փաստերը, որ բացի այն, որ Զանգեզուրն ու Գեղարքունիքը հայկական
պատմական հողերն են, նաև Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու, Արցախի մելիքներին
թուլացնելու համար ու նաև Հայաստանի հողերի հաշվին 1923 թ. ստեղծվեց Կարմիր
Քուրդիստանի գավառը (գործընթացը Ստալինի նախաձեռնությամբ սկսվել էր դեռ 1921թ.) ու
դրանից հետո Ադրբեջանի կազմում 1929-1930 թթ. այդ գավառը վերացվեց ու մի քանի
ամսով ստեղծվեց Քուրդիստանի օկրուգը (հետո օկրուգները վերացան Ադրբեջանում) ու
հետո նաև «Քուրդիստան» բառը հանվեց:
Նպատակն էր Քարվաճառից մինչև Իրանի սահման Արցախը կտրել
Հայաստանից՝ այդ տարածքների մեջ միավորելով գլխավորապես Քարվաճառը (Քելբաջար),
Բերձորը (Լաչին), Որոտանը (Կուբաթլուն), Կովսականը (Զանգելան) և Ջրականի
(Ջաբրաիլի) մի մասը:
Ընդ որում, Գորիսի ու Շուշիի շրջանները միայն պայմանական են իրարից բաժանված Հակարի կամ Հագարու գետով: Սա երևում է նաև այդ ժամանակվա
քարտեզներից:
Այս հատվածներում պատմականորեն հայեր են ապրել և հետո են միայն
բնակեցվել քրդերով, որի հետևանքով էլ նրանք դարձել են մեծամասնություն հետագայում:
Ընդ որում, եթե 1920-ական թվականներից սկսած քրդերի թիվն այդ
հատվածում եղել է մեծ, ապա հետագայում շեշտակիորեն նվազել է, քանի որ նախ
Ադրբեջանն իրականացրել է ձուլման քաղաքականություն, դրանից բացի, նպաստել է
նաև կրոնի ընդհանրությունը: