Այսօրվա ասուլիսն այն մասին է, որ ՀՀ
կառավարության նախաձեռնությունն այս տեսքով ընդունվելու դեպքում կվերացվի Մարդու
իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից և Ազգային
ժողովում կառավարող խմբակցությունից և որ այլևս մարդու իրավունքների խնդիրներ
բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել
հաստատության ֆինանսավորումը:
Ստորև Սահմանադրությունից ու օրենքից հիմնական մեջբերումներ են:
ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մարդու
իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված
դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և
ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների
վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական
ակտերի կատարելագործմանը:
ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և
տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով
սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր,
տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ և
9-րդ հոդվածներն ամրագրում են նույն սկզբունքները:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ
հոդվածի համաձայն՝ Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է,
առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի մասին
օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ
հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի,
ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար
պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա
պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: