ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի
նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A»
միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը`
ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու
քաղաքացիական անձանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի
բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:
Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և
հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական
ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված
զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ
սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին
ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների և անմարդկային
վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը
ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից:
Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու
սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի
մայրաքաղաքում:
Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների
թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար:
Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան
քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի 2021 թվականի հուլիսի 12-ի նիստում ադրբեջանական և հայկական կողմերի արձագանքները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տեսաուղերձից հետո՝ այստեղ: