Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը՝ որպես Օմբուդսմանի և մարդու իրավունքների ազգային և ամենաբարձր
«A» միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն, գործում է Փարիզյան և միջազգային
սկզբունքներին համապատասխան:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ
պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու
պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների
կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանը նպաստում է նաև
խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին
առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Իր իրավական առաքելության շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհատական և կոլեկտիվ բողոքների քննարկում,
ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։ Պաշտպանն իրականացնում է նաև
կոնկրետ բողոքներով ու դեպքերով (սեփական նախաձեռնությամբ) քննարկում, ինչպես նաև կանխարգելիչ
աշխատանքներ համակարգային մակարդակում:
Համակարգային մակարդակում կանխարգելիչ
աշխատանքները ներառում են, օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի որոշումների,
Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի
որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխով
նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ
դրույթներին համապատասխանության հարցերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցության
շրջանակներում Պաշտպանը ներկայացնում է նաև
հատուկ կարծիք (amicus brief) դատարանում քննվող` մարդու իրավունքներին առնչվող գործերի
վերաբերյալ։
Նորմատիվ իրավական ակերի կատարելագործմանը
նպաստելու գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների
պաշտպանը իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ
է մշակում և ներկայացնում իրավասու մարմիններին: Հատկանշական է նաև, որ մինչև մարդու
իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը,
դրանք պետք է ուղղարկվեն Պաշպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու:
Համակարգային խնդիրների լուծման և իրավունքների
խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքի մյուս կարևոր ուղղություններից է իրազեկման
աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Պաշտպանը հրապարակում է տեսանյութեր,
տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցեր և այլ նյութեր մարդու իրավուքններին առնչվող տարբեր
խնդիրների վերաբերյալ:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից
և սահմանադրական օրենքի ընդունումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է նաև
հանրային ծառայության ոլորտում (էլեկտրաէներգետիկա, ջերմամատակարարում, գազամատակարարում,
ջրամատակարարում, հեռահաղորդակցություն և այլն) գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Պաշտպանը քննարկում է նաև պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից
մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները:
Պաշտպանին է վերապահված նաև երկրում
մի շարք կոնվենցիոն դրույթների կատարման նկատմամբ անկախ դիտարկումը։ Մասնավորապես,
Մարդու իրավուքնների պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային
կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի
կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված
կանխարգելման ազգային մեխանիզմը Հայաստանի Հանրապետությունում:
Մարդու իրավուքնների պաշտպանն իրականացնում
է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին, ինչպես նաև
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի
13-ին ընդունված կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների
և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
Մարդու իրավունքներւի պաշտպանը, յուրաքանչյուր
տարի՝ մինչև մարտի 31-ը, հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում տարեկան հաղորդում՝
նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատություններ
պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր
տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում նաև
առանձին զեկույց նախորդ տարվա ընթացքում խոշտանգումների և վատվերաբերմունքի այլ ձևերի
կանխարգելմանն ուղղված գործունեության վերաբերյալ: Հասարակական հնչեղություն ունեցող
առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը հրապարակում
է արտահերթ զեկույցներ կամ հաղորդումներ: