ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի
8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով
տեսաուղերձը:
Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով
օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների
պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը:
Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ.
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը
խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և
քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու
դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում
են ադրբեջանական պաշտոնական ելույթներում:
Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով
հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա
հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ է շեշտվում
ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական
անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային
մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք
նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը:
Այս կոնկրետ նիստը նվիրված է
եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: