1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ ամրագրվեց
պետության պարտականությունն ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների
պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի
սկզբունքներին ու նորմերին համապատասխան (Հոդված 4):
Նշված սահմանադրաիրավական նորմի հիման վրա Հայաստանի
Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական առաջին
մարմնի ստեղծման փորձը կատարվեց դեռեւս 1990-ական թվականների վերջին։
Մասնավորապես, ելնելով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն
ապահովելու, այդ նպատակով հուսալի երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունից՝ 1998
թվականի ապրիլի 27-ի՝ ՀՀ Նախագահի ՆՀ-32հրամանագրով ստեղծվեց Հայաստանի
Հանրապետության նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը։
Հրամանագրով սահմանվեցին Հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը, ամրագրվեցին
Հանձնաժողովի հիմնական նպատակներն ու խնդիրները։
Հանձնաժողովը խորհրդակցական մարմին էր, որի հիմնական խնդիրներն էին
մարդու իրավունքների եւ ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը, մարդու
սահմանադրական իրավունքների եւ ազատությունների առնչությամբ Նախագահին ներկայացված
իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը, մարդու սահմանադրական իրավունքների եւ
ազատությունների առնչությամբ Նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների եւ
վավերացմանը ներկայացված կառավարության որոշումների մասին եզրակացություն տալը,
մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Նախագահին կամ Հանձնաժողով
ներկայացված գանգատների քննարկումը, մարդու իրավունքների պաշտպանության
երաշխիքների ու վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցի պատրաստումը եւ այլն։
Հանձնաժողովի գործունեությունը հիմք դարձավ Հայաստանի
Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես անկախ պաշտոնատար անձի եւ
նրա աշխատակազմի կազմավորման համար։
2003 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը։
«Մարդու իրավունքների պաշտպանի»
մասին ՀՀ օրենքը սահմանեց, որ Պաշտպանն անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, ով
իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար
անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը`
ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական
արդարության հիմնարար սկզբունքներով: Օրենքով սահմանվեցին Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունները:
Ինստիտուտի հիմնադրումը նշանակալից քայլ էր, որն ուղղված էր
երկրում մարդու իրավունքների եւազատությունների կանոնակարգված պաշտպանության
ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանը դարձավ դեռեւս18-րդ դարասկզբից այլ
պետություններում ստեղծված եւ ավանդույթներ ունեցող «Օմբուդսմանի հաստատությունների» համաշխարհային ընտանիքի անդամը:
«Օմբուդսման»
բառը սկանդինավյան ծագում ունի. 1713թ. այն առաջին անգամ օգտագործել է Շվեդիայի
թագավորը «Արքայական գերագույն
օմբուդսմանի» հաստատությունը հիմնադրելիս:
Այսօր օմբուդսմենների հաստատություններ գոյություն ունեն աշխարհի
ավելի քան 100 երկրներում:
2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական
փոփոխությունների արդյունքումսահմանվեցին մի շարք իրավանորմեր, որոնք ամրագրեցին
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի դերն ու
կարեւորությունը։
Մասնավորապես, Սահմանադրության 18-րդ հոդվածն ազդարարեց, որ
յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության
համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը:
Սահմանադրությամբ ամրագրվեցին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի
անկախության եւ անձեռնմխելիության երաշխիքները, սահմանվեց պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների Պաշտպանի հետ համագործակցելու պարտականությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական մակարդակով դարձավ անկախ եւ
անփոփոխելի պաշտոնատար անձ։
2015 թվականի հանրաքվեով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների
արդյունքում առանձին՝ 10-րդ գլխով սահմանվեցին Մարդու իրավունքների պաշտպանի
ընտրության կարգը, հիմնական գործառույթները, գործունեության երաշխիքները,
պետության պարտականությունը՝ ապահովելու Պաշտպանի գործունեության պատշաճ
ֆինանսավորումը եւայլն։
Առաջին անգամ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանվեց, որ
Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենք է։
Սահմանադրության 191-րդ
հոդվածն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ
պաշտոնատար անձ է, ով հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների
ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված
դեպքերում` նաեւ կազմակերպություններից մարդու իրավունքների եւ ազատությունների
պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը,
իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի
կատարելագործմանը:
Ներկայում
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը
համապատասխանում է Օմբուդսմանի ազգային ինստիտուտի պահանջներին եւ չափանիշներին:
Ինստիտուտը 2006 թվականից
ունի «A» միջազգային կարգավիճակ, ինչը վկայում է Փարիզյան
սկզբունքների հետ համապատասխանության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հավատարմագրված ազգային
ինստիտուտ լինելու մասին: