Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, 2016 թվականի
փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կրթությունը
- 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության
ֆակուլտետի բակալավրիատը:
- 2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ
իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
- 2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝
որպես ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:
- 2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ
ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ատենախոսությունը շարադրված է ռուսերեն լեզվով՝ «Գործի քննությունը
քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական
վերլուծություն)» թեմայով:
- 2011թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է
դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն
որակավորման հանձնաժողովի կողմից:
- 2012-2013թթ. «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել եւ
ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (UPenn Law)՝
մագիստրոսական ծրագրով: Իրավունքի դպրոցին զուգահեռ՝ սովորել է նաեւ ԱՄՆ
Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցի (Wharton Business)
գործնական կրթության ինստիտուտում:
- Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում 2013 թ.
նրան շնորհվել է պատվավոր մագիստրոսի վկայագիր:
Աշխատանքային
գործունեությունը
- 2003թ. հունվար ամսից Արման Թաթոյանն աշխատել է «Շրջակա
միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ, EPAC) ՀԿ-ում՝ որպես
իրավական հարցերով փորձագետ:
- 2004թ. աշխատանքի է անցել ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում՝ որպես իրավական հարցերով մասնագետ, իսկ ապա՝ ավագ
մասնագետ: Աշխատել է քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների
վերականգնման բաժնում: Նրա մասնագիտացումը կապված է եղել ազատությունից
զրկման վայրերում (այդ թվում՝ բերման ենթարկված) անձանց իրավունքների
խախտումներին առնչվող հարցերի հետ: Արագ արձագանքման բաժնի ներկայացուցիչների
հետ միասին Արման Թաթոյանը բազմիցս այցելել է փակ հաստատություններ
(քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, հոգեբուժական
հաստատություններ եւ այլն): Անմիջականորեն մասնակցել է Մարդու իրավունքների
պաշտպանի տարեկան եւ արտահերթ զեկույցների կազմմանը:
- 2007թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի
քրեական պալատի նախագահի խորհրդական: Աշխատել է մինչեւ 2007թ. դեկտեմբեր
ամիսը. հիմնական գործառույթը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների
նախագծերի կազմումը:
- 2007թ. դեկտեմբերից աշխատել է Միավորված ազգերի զարգացման
ծրագրում (UNDP)՝ որպես Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի
5-րդ փուլի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ: Այդ կարգավիճակում
ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության
կանխարգելման ոլորտի՝ ՄԱԿ-ի կողմից օրենսդրական առաջարկների ներկայացման,
համապատասխան ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:
- Ծրագրի ավարտից հետո 2009թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի
հոկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես վարչության
դատախազ:
- Մինչեւ դատախազ նշանակվելը՝ Մարդու իրավունքների պաշտպանի
համակարգմամբ ղեկավարել է Քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի
պաշտպանության վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:
- 2009թ. որպես իրավական հարցերով խորհրդատու՝
համատեղությամբ աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում փախստականների կարգավիճակի
ամրապնդման ծրագրում:
- ԵՄ ծրագրի շրջանակում 2009թ. ներգրավվել է Մարդու
իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի (OPCAT
սկզբունքներին համապատասխան) գործունեությանը: Պատասխանատու է եղել
քրեակատարողական հիմնարկներ ու այլ փակ հաստատություններ մոնիտորինգային
այցերի իրականացման համար: Համակարգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝
որպես ազգային կանխարգելման մեխանիզմի զեկույցների կազմման աշխատանքները:
Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ՝ իրականացրել է նրան առընթեր
խոշտանգումների կանխարգելման խորհրդի ստեղծման, համապատասխան իրավական ակտի
մշակման աշխատանքները:
- ՄԱԶԾ (UNDP) ծրագրի շրջանակներում 2010թ. սկզբում
ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմման մասնագիտական
աշխատանքային խումբը: Զեկույցը վերաբերում է դատապարտյալների իրավունքների
ապահովման միջազգային չափանիշների ուսումնասիրությանը:
- 2010թ. ապրիլից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսը
համատեղության կարգով աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի
պաշտոնում:
- Այնուհետեւ, մինչեւ 2012թ.-ը, աշխատել է որպես Միավորված
ազգերի զարգացման ծրագրի (UNDP) Հարավային Կովկասում սահմանների համալիր
կառավարման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ:
- 2010-2014թթ. ad hoc սկզբունքով եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի
դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ
հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական
խմբի անդամ:
- 2010թ. մինչ օրս հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության
նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ: Օրենսգրքի նախագծի
հայեցակարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ դրա հիման վրա
մշակված նախագծի տեքստն արդեն գտնվում է ՀՀ խորհրդարանում:
- 2011թ. ընթացքում, որպես ԵԱՀԿ իրավական հարցերով
փորձագետ, կանադացի դատախազի հետ միասին մասնակցել է դատախազության
բարեփոխմանն ուղղված ծրագրին եւ դրա արդյունքում զեկույցի կազմմանը:
- 2011թ. ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների
կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանի
Հանրապետությունից: Կոմիտեի պատվիրակության կազմում իրականացրել է
մոնիտորինգային այցելություններ եվրոպական երկրների փակ հաստատություններ,
ինչպես նաեւ մասնակցել է կոմիտեի զեկույցների կազմմանը, ներգրավված է եղել
կոմիտեի աշխատանքային խմբերում:
- 2013թ. մարտ ամսից մինչ օրս որպես միջազգային խորհրդական՝
ներգրավված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եւ
օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից իրականացվող հատուկ
ծրագրում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական
հանձնաժողովների գործունեության աջակցության եւ խոշտանգումների կանխարգելման
հետ: Այս կարգավիճակով իրականացրել է ուսուցումներ ՌԴ դիտորդական
հանձնաժողովների փորձագետների համար: Մասնակցել է նաեւ ՌԴ քրեական օրենսգրքի՝
խոշտանգմանն առնչվող դրույթների բարեփոխմանն ուղղված քննարկումներին:
- 2013թ. նոյեմբերից մինչ 2016թ. զբաղեցրել է ՀՀ
արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: ՀՀ արդարադատության նախարարի
հանձնարարությամբ պատասխանատու է խոշտանգումների կանխարգելման ոլորտի
միջազգային չափանիշների ներդրման ապահովման համար: Հանդիսանում է ԵԽ եւ ՄԱԿ
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում
պատասխանատու ներկայացուցիչ: Իրեն վերապահված իրավասության սահմաններում
համակարգում է քրեական դատավարության, քրեական, ինչպես նաեւ քրեակատարողական
նոր օրենսգքերի նախագծերի մշակման աշխատանքները:
- Նախարարի տեղակալ նշանակվելու հետ միասին նշանակվել է
նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր
ներկայացուցչի տեղակալ: Մասնակցում է Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ
գանգատների քննությանը: Իր իրավասության սահմաններում Եվրոպական դատարանի
վճիռների կատարման շրջանակներում անմիջականորեն ղեկավարում է ՀՀ
օրենսդրության բարեփոխման աշխատանքները (խոշտանգման համար քրեական
պատասխանատվության համակարգի բարեփոխում, ոչ նյութական վնասի հատուցման
համակարգի ներդրում, ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության
իրավունքի իրականացման մեխանիզմի բարեփոխում եւ այլն): Վերոգրյալից բացի,
Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի համակարգմամբ, ղեկավարում է Եվրոպական
դատարանի վճիռների կատարմանն առնչվող բարձրաստիճան քննարկումները՝ ԵԽ
քարտուղարության ղեկավար կազմի հետ: Մասնակցում է ԵԽ Նախարարների կոմիտեի
նիստերին՝ կապված Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման հետ:
Գիտամանկավարժական
գործունեությունը
- 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության
ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի
դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության
համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները
քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում»
եւ «ՀՀ քրեական դատավարություն»:
- 2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան
համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասանդվող առարկաներն են՝ «Մարդու
իրավունքների ներածություն» եւ «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»:
- 2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է
«Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի
սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով
դասավանդել է նաեւ Դատական, ինչպես նաեւ՝ Դատախազության դպրոցներում:
- Հեղինակ եւ համահեղինակ է 3 գիտական մենագրության եւ
շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն
լեզուներով):
Օտար
լեզուների իմացությունը
- Անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), ուկրաիներեն
(գերազանց), ֆրանսերեն (սկսնակ):
Անձնական
տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Կուսակցական չէ: