Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է համագործակցությունը հասարակական
կազմակերպությունների հետ։ Նրանց հետ փոխգործակցությունը սկզբունքային կարևորություն
ունի երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավման և առհասարակ իրավունքի
գերակայության ու ժողովրդավարության ապահովման համար:
Հասարակական
կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետ հարթակներից են Պաշտպանին
առընթեր խորհրդատվական խորհուրդները։ Այս առումով հատկանշական է, որ Մարդու իրավունքների
պաշտպանը կարող է ստեղծել խորհրդատվական խորհուրդներ, որոնք կազմված են մարդու իրավունքների
կոնկրետ բնագավառներում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:
Խորհուրդների
նպատակն է Պաշտպանին տրամադրել աջակցություն մարդու իրավունքների պահպանության, դրանց
ապահովման վերաբերյալ խնդիրների վերհանման, քննարկման և իրավասու մարմիններին առաջարկությունների
ներկայացման հարցում:
Նշված
խորհուրդներում բարձրացված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով կազմակերպվում են
նաև դրանց ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում են ոչ միայն տվյալ խորհրդի անդամները,
այլ նաև իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ և լրագրողներ։ Այս նիստերը կարևոր
հարթակ են, որտեղ թե՛ հասարակական կազմակերպությունների և թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները
հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց դիրքորոշումները քննարկվող հարցերի
վերաբերյալ և հանգել միասնական լուծման։
Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր 6 խորհրդատվական խորհուրդներ՝
Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդ, Զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության հարցերով խորհուրդ, Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով
խորհուրդ, Կանանց իրավունքների հարցերով խորհուրդ, Ազգային փոխրամասնություններին պատկանող
անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհուրդ։