Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել
է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդմանը: Խոսել է իր հաջողության
բանաձևի մասին.
Ծնվել է բժիշկների ընտանիքում։
Շնորհակալ է ծնողներին այն կարևոր արժեքների դաստիարակության համար, որոնք մինչ այժմ
էլ ուղեկցում են իրեն՝ արժանապատվություն, մարդկանց օգնելու, գիտելիքի ու կրթության
կարևորության գիտակցում։ Մանկության տարիների՝ երաժիշտ դառնալու երազանքը փոխարինել
է իրավաբանի մասնագիտության ընտրությամբ:
Հաջողության իր բանաձևը
համարում է բոլոր բնագավառներում և հարաբերություններում ներդաշնակություն գտնելու
կարողությունը։
Իր հիմնական առավելությունն է համարում բոլորին հասկանալու,
անկախ գաղափարական տարբերություններից և դիմացինների առանձնահատկություններից՝ նրանց
նկատմամբ հանդուրժող լինելու, ներդաշնակություն գտնելու կարողությունը, հոգատարությունը,
զսպվածությունը, հավասարակշռվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Մշտապես կարևորել է ոչ միայն մասնագիտական բնագավառում կատարելագործումը,
այլ նաև իր անձի արժեքային զարգացումը։ Վստահ է՝ մնայուն մասնագիտական ու կյանքի ուղի
հնարավոր է ունենալ՝ բացառապես արժեքներ ձևավորելով, զարգացնելով ու դրանց չդավաճանելով։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր գործունեության
իրականացման համատեքստում կարևոր է համարում այն, որ անկախ բոլոր մարտահրավերներից՝
երբեք չի շեղվել մարդկային ու բարոյական արժեքներից, եղել է հաստատակամ իր սկզբունքներում։
Անահիտ Մանասյանն աշխատանքին զուգահեռ ակտիվ ներգրավված է կրթական
ոլորտում՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է: Չափազանց կարևորում է ակադեմիական
կրթությունը: Վստահ է՝ կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության
արմատավորումը: Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների
և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային
հեղինակավոր հրատարակչությունների կողմից:
Պաշտպանի համար առանցքային է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև
մարդկանց հետ աշխատանքը։ Այդ է պատճառը, որ անկախ պատասխանատու առաքելությունից և խիտ
գրաֆիկից՝ անձամբ է այցելում մարդկանց, մասնակցում իրազեկման աշխատանքներին, աշխատում
երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խմբերի հետ:
Հաղորդման շրջանականերում Անահիտ Մանասյանն անդրադարձել է արտերկրում
ստացած կրթությանը, դասախոսական գործունեությանը և այլն: