Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի
ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես,
Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների
և վարչական ղեկավարների հետ։
Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ
ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի
իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության
իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու,
արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ, սահմանային բնակիչները ներկայացրել
են մի շարք խնդիրներ` կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին
առնչվող վտանգների հետ։