ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի` Եվրոպայում իրավունքի գերակայության
վիճակին առնչվող զեկույցին, որտեղ անդրադարձ է կատարված նաև Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանի հաստատությանը։
Զեկույցը
հատուկ ընդգծում է Պաշտպանի կողմից իրականացված աշխատանքները՝
✅ կին իրավապաշտպանների և կանանց
իրավունքների պաշտպանության,
✅ մամուլի ազատության և բազմակարծության
ապահովման,
✅ լրագրողների անվտանգության,
✅ խաղաղ հավաքների ազատության,
✅ ոստիկանության կողմից անհամաչափ
ուժի կիրառման,
✅ ատելության խոսքի բացառման,
✅ իրավահավասարության և հակախտրականության
և այլ ոլորտներում:
Անահիտ
Մանասյանն ընդգծել է լրագրողների անվտանգության երաշխավորման կարևորությունը՝ հատկապես
հավաքների ընթացքում։
Նա նշել
է, որ հավաքների ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրները
տարածված են տարբեր երկրներում, և Հայաստանը բացառություն չէ։
Զեկույցում
անդրադարձ է արված նաև Պաշտպանին 2024 թվականին ուղղված բողոքների մեծ թվին՝ կապված
ժամանցի վայրերից, սննդի օբյեկտներից և ռեստորաններից հնչող, ինչպես նաև շինարարական
աղմուկի հետ։
Պաշտպանը
նաև արձանագրել է, որ որոշ շինարարական աշխատանքներ հանգեցրել են մարդու իրավունքների
խախտումների։ Այդ խնդիրները բարձրաձայնվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից`
կոչ անելով իրավասու մարմիններին մշակել արդյունավետ մեխանիզմներ՝ խախտումներն արձանագրելու
և կանխելու համար։
Միևնույն
ժամանակ, զեկույցում նշվել են այն մարտահրավերները, որոնց բախվել են Մարդու իրավունքների
պաշտպանը և աշխատակազմը այս ուղղություններով աշխատանքի ընթացքում։
Ըստ Պաշտպանի՝
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի և հաստատության նկատմամբ հետապնդումները,
ի տարբերություն որոշ երկրների, չեն իրականացվում պետական մարմինների կողմից, ինչը
առանցքային տարբերություն է։