ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը CivilNet -ի հետ զրույցում խոսել է հոգեբուժարաններում և քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների և օրենսդրական բացերի մասին։ Գասպարյանն անդրադարձել է նաև «Նուբարաշենի» հոգեբուժարանում տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես, ըստ փաստաբանի՝ պացիենտի նկատմամբ բռնությանը:
Գասպարյանն ասել է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացել են նոյեմբերի 11-ին։ Նա նշել է, որ Մարդու իրավունքնեի պաշտպանը հոգեբուժարաններում, ի թիվս այլ խնդիրների, ֆիզիկական ուժի կիրառման հետ կապված մտահոգություններ հայտնել է դեռևս 2022 թվականի հունվարին հրապարակված արտահերթ զեկույցում։ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում կոնկրետ դեպքերը նշված են, թե երբ է թույլատրվում ֆիզիկական ուժի կիրառումը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունն այն է, որ անձնակազմը համապատասխան վերապատրաստումներ չի անցնում և որևէ մեթոդական ցուցում չունի ֆիզիկական ուժի կիրառման ձևի վերաբերյալ, որը կարող է առաջացնել տրավմաներ ինչպես առողջական խնդիր ունեցող անձնանց, այնպես էլ անձնակազմի մոտ»,-ասել է Գասպարյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, նա նշել է, որ վարույթ է ձեռնարկված, և ՄԻՊ-ն այս պահին ձեռնպահ կմնա որևէ միջամտություն ունենալուց գործի քննությանը. «Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է վերահսկելի դարձնել բոլոր ահազանգերը»,-ասել է Գասպարյանը։
Գասպարյանը խոսել է նաև Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի, ՔԿՀ-ում նրա հետ հանդիպումների, քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնասպանության ու ինքնավնասումների դեպքերի մասին։