2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել
է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության
ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, և վերջինիս արդյունքներով ներկայացվել
են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ:
Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին
3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց
ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի
ցուցանիշները:
Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների
արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:
Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության
կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում»
ծրագրի շրջանակում։ Նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։