Հայաստանի Հանրապետությունում առկա
են արդյունավետ քննության, կալանքի կիրառման չափանիշների միասնականացման հետ կապված
խնդիրներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի տաղավարում
հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Այս մասին բազմիցս եմ նշել: Դրանք
միանշանակ պետք է հասցեավորվեն և ստանան լուծում։ Միաժամանակ, այդ ընդհանուր խնդիրների
առկայությունը, անձանց քաղաքական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը միայն չեն կարող
հիմք դառնալ վերջիններիս նկատմամբ իրականացվող բոլոր իրավական գործընթացները քաղաքական
հետապնդում որակելու համար», - ասել է Պաշտպանը:
Ինչ վերաբերում է լրագրողներին
և փաստաբաններին վերաբերելի` վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրավիճակներին,
Անահիտ Մանասյանը նշել է.
«Կարծում եմ, որ մեր պետությունում
նման իրավիճակները պետք է բացառված լինեն, պետությունը պետք է ունենա այդպիսի իրավիճակները
կանխելու պատշաճ մեխանիզմներ։ Պետք է երաշխավորված լինի նաև գործերի քննության արդյունավետությունը,
որպեսզի առկա խնդիրները ստանան իրավական պատշաճ հանգուցալուծում։ Փաստաբանների և լրագրողների
աշխատանքն էլ պետք է երաշխավորված լինի»: