Հանրօգուտ
աշխատանքը, այդ թվում՝ կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն
է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր,
Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի
ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Պաշտպանը
նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական
մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները:
«Իմ խորին
համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում
տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է
լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման
ու զարգացման հիմքում ընկած արժեքների փոխանցման ու լիարժեք իրացման գաղափարները: Ավելին,
վստահ եմ, որ հանրօգուտ աշխատանքը, այդ թվում`կրթական միջավայրում, արժեքների ձևավորման
և փոխանցման ծառայություն է, երբ տալիս ես անգամներ շատ, քան ստանում ես: Այս ծրագիրը հիմնված է հենց նման արժեքների վրա,
իսկ վերջինիս շրջանակներում յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների
ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է, որն ունի նաև օրինակելի նշանակություն»,-
ասել է Պաշտպանը:
Ավարտելով
խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է ծրագրին իր ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը
և մաղթել, որպեսզի այն կրի շարունակական բնույթ:
Ուսուցիչ-առաջնորդների
ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս:
Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր,
Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն
են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները: