Հայկական
կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն
պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական
զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե
պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը:
Հենց այս
եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի
կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում
կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում։
Այս մասին
ասել է Մարդու իրավունքների պաշտպանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների
պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը։
Արման
Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝
նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների
միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները
և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող
զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ
են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ
այլ նախապայմանի:
Ադրբեջանական
իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով
գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով
լարվածություն հասարակությունում:
Ավելին,
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների
արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար
և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այս մասին
Պաշտպանը հրապարակել է նաև արտահերթ զեկույց՝ հիմնված սեփական փաստահավաք աշխատանքների
վրա: