Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է անշարժ գույքի գրանցման վկայական
(Քաղաքացին դիմել է Պաշտպանին 01.12.22թ.-ին)
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ Կոտայքի մարզում գտնվող անշարժ գույքի սեփականատերն է:
Նա 2022 թվականին դիմել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն գրանցման վարույթը կասեցվել է։ Այն հիմքով, որ անհրաժեշտ է ներկայացնել իրավասու մարմնի կողմից տրված պարզաբանում տեղադիրքի փոփոխության վերաբերյալ:
Քաղաքացին կրել է նյութական վնասներ, քանի որ տան տանիքի կառուցման համար անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցման վկայական, իսկ տանիքի բացակայության պատճառով վնասվում է ամբողջ տունը:
Պաշտպանի աշխատակազմում փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքում իրականացվել է 2 չափագրում տարբեր անձանց կողմից և չափագրված հատակագծերի միջև առկա է եղել անհամապատասխանելիություն։ Կադաստրի կոմիտեն տեղեկացրել է, որ ճշգրտված տվյալներով՝ գրանցման համար անհրաժեշտ է, որ տվյալ համայնքի ղեկավարը պարզաբանում ներկայացնի նախորդ չափագրման մեջ առկա սխալի մասին։
ՄԻՊ-ը հարցի կապակցությամբ դիմել է Կադաստրի կոմիտե և խնդրել ներկայացնել պարզաբանումներ պետական գրանցում չկատարելու հիմքերի և պատճառների վերաբերյալ։ Գրություններ են ուղարկվել նաև Գառնիի համայնքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ անհրաժեշտ է ներկայացնել շինության վերակառուցման նախագիծ, որից հետո կտրամադրվի շինթույլտվություն։ Կատարվել են չափագրման աշխատանքներ և տրվել է շինթույլտվություն, որից հետո քաղաքացին դիմել է Կադաստրի կոմիտե։
Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են Պաշտպանին, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է չափագրման սխալի վերաբերյալ համայնքի ղեկավարի գրությունը։
Այնուհետև քաղաքացին ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ Պաշտպանի աջակցութամբ հարցը ստացել է դրական լուծում և նա ստացել է անշարժ գույքի գրանցման վկայականը։