Զորակոչիկը
մայրը խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդուն բնակության վայրին
մոտ գտնվող զորամաս զորակոչելու հարցում:
Պաշտպանի աշխատակազմի
զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման
աշխատակիցները նույն օրն այցելել են Հանրապետական կենտրոնական հավաքակայան:
ՀՀ պաշտպանության
նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել են զորակոչիկի
ընտանեկան դրությունը հավաստող փաստաթղթերը:
Արդյունքում,
զորակոչիկը մասնակցել է բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնություն
ունեցող զորակոչիկների համար նախատեսված վիճակահանությանը, և զինվորական ծառայության
անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում:
Իրազեկում.
«Զինապարտության
մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության
զորակոչի ժամանակ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության
վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`
ա) միայնակ
և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.
բ) Հայաստանի
Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության
ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած
և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմանի
ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք
չունեն չափահաս քույր կամ եղբայր:
Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս
է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից
մինչև 150 կմ տեղակայված զորամասը: