Լ. Միրզոյանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ որդին՝ Ա. Միրզոյանը, 2020 թվականի հուլիսի 27-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ ամուսինը՝ Ն. Միրզոյանը, պատերազմի ժամանակ կամավոր հիմունքներով մեկնել է առաջնագիծ, այնուհետև՝ որդու ծառայության վայր:
Լ. Միրզոյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին ամուսինը ստացել է մահացու վիրավորում, իսկ որդին վիրավորվել և տեղափոխվել է հոսպիտալ, այնուհետև ստացել վերականգնողական արձակուրդ:
Բողոքի ուսումնասիրության ընթացքում Լ. Միրզոյանը Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, որ որոնողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է ամուսնու դին, իսկ որդին գտնվում է զինվորական հոսպիտալում:
Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ ընտանիքը կազմված է իրենից, ամուսնուց, ով համարվում է պատերազմական գործողությունների ընթացքում զոհված անձ, երեք դուստրերից և մեկ որդուց, ով ընտանիքի միակ արու զավակն է:
Լ. Միրզոյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը Ա. Միրզոյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
Բողոքի կապակցությամբ Պաշտպանության նախարարություն հասցեագրված գրությամբ Պաշտպանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով
Ա. Միրզոյանին զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ առաջարկ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան` Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի 2021 թվականի հունվարի 30-ի թիվ 29 հրամանով Ա. Միրզոյանն արձակվել է պահեստազոր:
Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել բավարար տեղեկություններ այն մասին, որ Լ. Միրզոյանի բողոքում բարձրացված հարցը ստացել է դրական լուծում:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում: