Մարտական գործողություններին մասնակցած ռազմական բժիշկը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել է աջակցել դրամական ապահովություն ստանալու հարցում:
Ռազմական բժիշկը հայտնել է, որ մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին:
Հավելել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավոր հիմունքներով, իսկ նոյեմբերի 1-ից՝ պաշտոնապես գործուղվել է մարտական գործուղությունների իրականացման վայր և բարեխղճորեն կատարել իր առջև դրված ծառայողական պարտականությունները, սակայն դրամական ապահովություն չի ստացել:
Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն և առաջարկել քննարկել ռազմական բժշկին դրամական ապահովություն տրամադրելու հարցը, որից հետո ստացվել է գրություն, որ ռազմական բժշկին տրվել է դրամական բավարարումը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա դիտարկման ներքո են: