Քաղաքացին դիմել է Պաշտպանի աշխատակազմ և խնդրել աջակցություն իր երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում: Երեխան սովորում է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարանում և չի ցանկանում հաճախել դպրոց, քանի որ նրա նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք և տարբերակված մոտեցում: Համադասարանցիները փորձում են երեխային մեկուսացնել շրջապատից և կանխամտածված կերպով անտեսել, չներառել խմբի մեջ: Խնդրի կարգավորման համար քաղաքացին դիմել էր դպրոցի տնօրենին, ինչին ի պատասխան ՝ տնօրենն առաջարկել է տվյալ դպրոց հաճախելու ցանկության բացակայության դեպքում երեխային տեղափոխել այլ ուսումնական հաստատություն: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակներում, որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, ուսումնասիրել է ծնողի կողմից բարձրացված հարցը և ձեռնարկել միջոցներ ուղղված խնդրի կարգավորմանը:
ՄԻՊ աշխատակազմի միջամտության արդյունքում՝ երեխան սկսել է ոգևորվածությամբ հաճախել դպրոց:
......................................................................
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ, և ընդգծում, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից պաշտպանության իրավունք: