Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել,
որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի
դատապարվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում
ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը
ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։
Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել
են ուսումնասիրություններ։
Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում
պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական
անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին
Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ
տարիներ շարունակ չի ստացել այն։
Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա
չվճարված դրամական օգնությունը։