Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը կենսաթոշակային մարմնի կողմից սխալ վերահաշվարկի
արդյունքում կենսաթոշակի հետգանձում չիրականացնելու հարցով։
Դիմումատուն տեղեկացրել է, որ ստանում է
տարիքային կենսաթոշակ, զուգահեռ նաև աշխատում է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝
տարին մեկ անգամ իրականացվում է կենսաթոշակի վերահաշվարկ։
Հերթական վերահաշվարկը կատարելու ժամանակ
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից քաղաքացուն տեղեկացրել են,
որ նախկինում կատարված կենսաթոշակի վերահաշվարկները եղել են սխալ, և նա պարտավոր է
ավել հաշվարկված 91 590 դրամը վերադարձնել գանձապետական հաշվեհամարին, հակառակ
դեպքում կբռնագանձվի դատական կարգով: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ ավել
վճարված կենսաթոշակը չի կարող վերադարձնել, քանի որ սխալ հաշվարկը կատարվել է
կենսաթոշակային մարմնի մեղքով:
Պաշտպանը բարձրացված խնդիրը կարգավորող
օրենսդրական հիմքերի վկայակոչմամբ գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն։
Ստացված պատասխանի համաձայն՝ ներկայացրած
դիմումների ու կից փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրության արդյունքում պարզվել
է, որ ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձման ենթակա չէ։
Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու
պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու
բարձրացրած խնդիրը լուծվել է։