Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել աջակցել, ընտանեկան պայմաններից ելնելով, վարժական հավաքի չներգրավելու հարցում:
Քաղաքացին հայտնել է, որ կինը գտնվում է հղիության 7-րդ ամսում, հղիությունն ունի բարդ ընթացք, ի հայտ են եկել մի շարք առողջական խնդիրներ: Նաև հայտնել է, որ մայրն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն, ինքը հանդիսանում է կնոջ և մոր միակ խնամողը։ Քաղաքացու պնդմամբ՝ վարժական հավաքի ներգրավելու դեպքում կինը և մայրը կմնան առանց խնամքի, ինչի մասին վերջինս ներկայացրել է նաև փաստաթղթային հիմնավորումներ: Տվյալ իրավիճակում խնդիրն այն է, որ օրենսդրությունը չի նախատեսում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով վարժական հավաքի չներգրավելու հիմք: Չնայած դրան, հաշվի առնելով քաղաքացու փաստացի ընտանեկան պայմանները` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջապես նախաձեռնել է համատեղ աշխատանք Պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության հետ:
Կատարված աշխատանքի արդյունքում քաղաքացին, ընտանեկան պայմաններից ելնելով, չի ներգրավել վարժական հավաքի:
Դրական գնահատելով Պաշտպանության նախարարության համակարգի, կոնկրետ դեպքում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից պրակտիկայում ցուցաբերած ճկուն և արդարացված մոտեցումը՝ Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Այս առումով կարևոր կլինի վարժական հավաքների վերաբերյալ նոր կարգավորումների մշակումը՝ պրակտիկայի բոլոր նման խնդիրների հաշվառմամբ։
---------
Իրազեկում
Վարժական հավաքների հետ կապված բողոքների ու ահազանգերի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն: