ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հեռախոսահամարին զանգահարել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մայրը և հայտնել, որ որդին ծանր առողջական վիճակով դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ և պահվում է կարանտինային բաժանմունքի խցում:
Ըստ բողոք ներկայացրած անձի՝ որդին 2022 թվականի մայիսի 30-ին վիրահատվել է իրականացվել է սրտի առաջնային ստենտավորում։ Մոր պնդմամբ՝ որդին դեռևս կարիք ունի ստացիոնար բուժման և շարունակում է շնչել թթվածնի ապարատով։ Սակայն, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում որդու համար հնարավոր չէ կազմակերպել ստացիոնար բուժում՝ անհրաժեշտ թթվածնային թերապիայի ապահովմամբ։
Պաշտպանի նախաձեռնությամբ կալանավորված անձի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս 2022 թվականի հունիսի 27-ին դուրս է գրվել վերը նշված բժշկական կենտրոնից և արձանագրվել, որ դեղորայքային բուժման ֆոնին հիվանդի վիճակը կայունացել է, սակայն շարունակում է մնալ ծանր, և խորհուրդ է տրվել հիվանդի բուժումը կազմակերպել բուժհիմնարկում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից որոշում է կայացվել կալանավորված անձին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ հետագա ստացիոնար բուժումը շարունակելու նպատակով։