ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հեռախոսահամարին զանգահարել է «Սևան» հոգական առողջության կենտրոնում գտնվող Վ․ Բ-ի մայրը և հայտնել, որ «Սևան» հոգական առողջության կենտրոնից կապ են հաստատել իր հետ և նշել, որ որդուն դուրս են գրել և հանրային տրանսպորտով (գազելով) ճանապարհում են տուն:
Ըստ բողոք ներկայացրած անձի՝ որդին դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ և խնամակալ է նշանակվել կինը: Մոր պնդմամբ, հոգեբուժական կազմակերպությունն իրեն տեղեկացրել է, որ որդու կինը հրաժարվել է ամուսնու խնամակալությունից և այդ պատճառով, որպես արյունակից բարեկամ, հետագա խնամքը կազմակերպելու համար, հոգեբուժական կազմակերպությունիցորդուն ուղարկում են իր տուն, սակայն մայրը մոտ 90 տարեկան է, և ինքն ունի խնամքի կարիք և չի կարող որդուն անձամբ խնամել։
Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատվել «Սևան» հոգական առողջության կենտրոնի տնօրինության հետ:
Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Վ. Բ․ տևական ժամանակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում, խնամակալը դժկամությամբ է պատասխանել զանգերին և չի գործել Վ. Բ․-ի շահերից՝ ստացել է կենսաթոշակը և այն տնօրինել անձամբ։ Այդ կապակցությամբ հաստատությունը դիմել է դատարան, ինչի արդյունքում խնամակալը զրկվել է այդ պատասխանատվությունից։ Փաստացի Վ. Բ․-ի խնամակալ հանդիսանում է «Սևան» հոգական առողջության կենտրոնը։
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել «Սևան» հոգական առողջության կենտրոնի տնօրենին, ինչի արդյունքում, ըստ օրենսդրական պահանջների, որոշում է կայացվել անձի դուրսգրումը հետաձգել, դիմել համապատասխան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ վերջինիս նկատմամբ խնամակալ նշանակելու խնդրանքով։ Եվ միայն խնամակալ նշանակելու պարագայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անգործունակ ճանաչված անձին դուրս գրել՝ խնամակալին համապատասխան ծանուցումից հետո։