Քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված դիմումով տեղեկացրել է, որ Վանաձորի համայնքապետի 2020 թվականի որոշմամբ Վանաձոր քաղաքի հանրակացարանում իրեն հատկացվել էր սենյակ: Նրա տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ հանրակացարանում բնակվելուց հետո ժամանակավորապես տեղափոխվել է այլ կեցավայր՝ նշված սենյակը վերանորոգելու համար, որի վերաբերյալ տեղեկացրել է Վանաձորի համայնքապետարանի իրավասու ներկայացուցչին, սակայն հատկացված սենյակը համայնքապետարանի կողմից կրկին հետ է վերցվել: Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություն է հասցեագրել Վանաձորի համայնքապետարան։ Պատասխան գրությամբ պարզաբանվել է, որ ըստ պայմանագրի 6 ամիս չբնակվելու դեպքում պայմանագիրը կարող է խզվել։ Ավելին քաղաքացին տեղեկացրել է, որ իր 6-ամյա դուստրը գտնվում է խնամքի կենտրոնում և նրա խնամակալությունը կարող է ստանձնել եթե ունենա բնակության վայր։ Պաշտպանի կողմից լրացուցիչ միջնորդությունից հետո, քաղաքացուն է հատկացվել մեկ այլ, ավելի բարվոք վիճակում գտնվող սենյակ։