Մի շարք նախկին
զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ
ստանալու հարցում:
Դիմումով քաղաքացիները
տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության
նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական
ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:
Բարձրացված
խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման
ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:
Քննարկման
ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը
որոշում է կայացրել սահմանային տարիքը լրանալուց
հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային
հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու
համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում:
Արդյունքում,
զինծառայողների բարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել:
Ավելին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են
ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:
Մարդու իրավունքների
պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների
և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում: