Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագն Սերոբյանին։
5-րդ դասարանում սովորող Վահագնը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։
«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,- հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Արման Թաթոյանը Վահագնին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը, ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։