Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ իր պաշտպանյալ ձերբակալվել և պահվում է ձերբակալված անձանց պահելու վայրում:
Փաստաբանի տեղեկացմամբ իր պաշտպանյալը հաշվառված է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում և ստանում է մեթադոնային փոխարինող բուժում։
Փաստաբանի պնդմամբ՝ ձերբակալելիս պաշտպանյալի մոտ հայտնաբերվել և առգրավվել է իրեն տրամադրված դեղամիջոցը, և չնայած նրան, որ վերջինս ունի դեղամիջոցն ամենօրյա ռեժիմով ընդունելու կարիք, սակայն այն չի տրամադրվում:
Պաշտպանի ներկայացուցիչը անմիջապես կապ է հաստատել քրեական գործով քննչական խմբի ղեկավարի հետ, ով տեղեկացրել է, որ քաղաքացու մոտ սրվակ հայտնաբերվելիս առկա չեն եղել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված լինելը և դեղամիջոց ստանալը հավաստող փաստաթղթեր, ինչի արդյունքում այն առգրավվել է և սրվակի պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
ՄԻՊ ներկայացուցիչը հեռախոսակապ է հաստատվել նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի հետ, քննարկվել է խնդիրը, առաջարկվել է քրեական գործով վարույթ իրականացնող մարմնին ներկայացնել համապատասխան գրություն՝ դեղամիջոցի տրամադրումը տեղում կազմակերպելու համար:
Պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում, և անազատության մեջ գտնվող քաղաքացին ստացել է իրեն ցուցված դեղամիջոցը։