Ահազանգ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է տույժ` պատժախուց
տեղափոխելու տեսքով, սակայն առողջական վիճակով պայմանավորված, նա չի կարող պահվել
պատժախցում:
Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն
առողջական խնդիրների հիմքով իր պաշտպանյալի նկատմամբ տույժի կիրառումը հետաձգելու
և նրան պատժախցից դուրս բերելու հարցում:
Նրա մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք,
անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, իսկ քրեակատարողական հիմնարկի բժշկական
անձնակազմի ներկայացուցիչներն առողջական վիճակի գնահատում իրականացնելու նպատակով
նրան չեն այցելել. փաստաբանի պնդմամբ՝ իր վստահորդը չի կարող պահվել պատժախցում:
Բարձրացված խնդիրը պարզելու նպատակով, Մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ
արձագանքման և քրեակատարողական հիմնարկի արդյունավետ համագործակցության
արդյունքում, դատապարտյալը ստացել է անհրաժեշտ բուժզննում, այնուհետև բժշկի
եզրակացության հիման վրա ցուցվել են լրացուցիչ հետազոտություններ։ Արդյունքում,
տույժի կիրառումը հետաձգվել է, և վերջինս դուրս է բերվել պատժախցից: Փաստաբանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շնորհակալություն է հայտնել արագ
արձագանքման և խնդրի արդյունավետ լուծման համար։