Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
Դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից:
Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում ստացվել է տեղեկություն, որ դատապարտյալը վիրահատության կարիք չունի: Դատապարտյալի բժշկական քարտի պատճենների ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ վնասվածքաբանի կողմից առկա է ցուցում ազդոսկրի կոտրվածքի սերտաճելուց հետո մասնագիտացված կլինիկայում մետաղական կոնստրուկցիայի հեռացում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Դատապարտյալի առողջական վիճակի դինամիկան գտնվել է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Արդարադատության նախարարության հետ շարունակվող համատեղ աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվել և նրան ցուցվել է վիրահատություն:
Արդյունքում, դատապարտյալը վիրահատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում, հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների, դուրս է գրվել բժշկական կենտրոնից և տեղափոխվել պատժի կրման հիմնական վայր: