Հունիսի
17-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես
եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող
Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:
Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել
է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի,
ինչպես նաև
2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական
դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով
առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին:
Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած
հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել
է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝
ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են
և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։
Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում
է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը
մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային
լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝
24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում
է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ
և ներկայացնում է առաջարկություններ։
Եզրափակելով
ելույթը՝ Պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման
համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը
և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության
վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից
կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական
խաղի կանոնների ընկալման բացերը: