Բարև
ձեզ,
Ազգային
ժողովի մեծարգո նախագահ,
հարգելի
պատգամավորներ, գործընկերներ:
Ողջունում
եմ Հայաստանի խորհրդարանի կողմից սեփականության իրավունքին նվիրված խորհրդարանական
լսումների անցկացումը և շնորհակալ եմ մասնակցության հրավերի համար:
Կարևորում
եմ այն բոլոր շեշտադրումները, որոնք քիչ առաջ նշեց Ազգային ժողովի նախագահն իր
բացման խոսքում: Ես դրանք նաև կաշխատեմ ներկայացնել առավել մանրամասն:
ՀՀ
Սահմանադրությունը երաշխավորում է, որ Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք
բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու
իրավունք: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով`
հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների
պաշտպանության նպատակով:
Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից,
բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Սահմանադրությունը
նաև նախատեսել է, որ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության
օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն
նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
Այսինքն՝
Սահմանադրությունը որպես սեփականության օտարման նախապայման նախատեսել է բացառիկ գերակա հանրային շահի
առկայությունը, և յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորվի հետապնդվող հանրային
շահի բացառիկ լինելը:
Օրինակ՝
Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերով պարբերաբար առաջ է գալիս քաղաքացիների սեփական
բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար
վերցնելու անհրաժեշտությունը: Այդ անհրաժեշտությունն արձանագրված է Սահմանադրական
դատարանի դեռևս 1998 թվականի ՍԴՈ-92 որոշմամբ, որ
մի դեպքում սեփականատիրոջը սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝
օրենքով նախատեսված դեպքերում, մյուս դեպքում՝ սեփականության օտարումը
հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ
դեպքերում օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ, այլ ոչ թե ՀՀ
կառավարության մի շարք որոշումներով:
Առանձին
օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, չի ընդունվել, հղում է
կատարվել քաղաքացիական և հողային օրենսգրքերի դրույթներին: Այդպիսի օրենքի
բացակայության հետևանքով է, որ այդ գործընթացում զանգվածաբար խախտվել են սեփականատերերի
և օգտագործողների իրավունքները, և գործընթացի տնտեսական արդյունքը գնահատվել է
բացասական:
Իհարկե,
Երևանի կամ Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն
ունի կարևոր նշանակություն: Սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը մարդու
հիմնարար իրավունքների խախտումներով, օրենքի անտեսմամբ կամ կոպիտ շրջանցմամբ՝
բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին:
Երևանի
կառուցապատման ծրագրերով 2000-ական թվականից սկսած քաղաքացիների սեփական
բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար
Կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել
են՝ «Պետական կարիքների համար» հիմնավորմամբ: «Հյուսիսային պողոտա և Կասկադ»,
«Գլխավոր պողոտա» ծրագրերն իրականացվել են հենց այդ ճանապարհով, այդ ծրագրերի
իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում,
անթույլատրելիորեն անարդարացի վերաբաշխում, որի ընթացքում, ի հաշիվ հարյուրավոր
ընտանիքների ունեզրկման, անօրինական շահույթ են ստացել առանձին «գործարարներ», և
Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների
ձեռքերում: Երևան քաղաքի բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագրի
իրականացման հետ կապված՝ քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ
օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, և հարյուրավոր
ընտանիքներ դարձել են անօթևան:
Կառավարության
այդ որոշումներով չի բացահայտվել «պետական կարիք» հասկացության բովանդակությունը,
չի ընդունվել առանձին օրենք, որով սահմանված լիներ գույքի օտարման բացառիկ
կարևորությունն ու նշանակությունը, օտարման գոտին և գերակա շահը, հասարակության և
պետության այն կարիքները, որոնց բավարարմանը պետք է ուղղված լիներ օտարվող անշարժ
գույքը: Կառավարությունն ինքն է սահմանել նման գոտիներ և որոշում է ընդունել ի
կատարումն իր իսկ ընդունած որոշման՝ իրացնողին իրավունք վերապահելով սահմանելու և
սեփականատիրոջն առաջարկելու հատուցման չափը և ապա հենց իր առաջարկը, և ոչ թե
բանակցություններով ձևավորված գինը: Գործնականում հենց այդպես էլ եղել է՝ իրացնողն
ինքն է իր ընտրած գնահատողի միջոցով միակողմանի գնահատել սեփականատիրոջ գույքը,
սեփականության դիմաց տրամադրված փոխհատուցման գումարները համարժեք չեն եղել և
բավարար չեն եղել անգամ մեկ այլ բնակարան ձեռք բերելու համար:
Կառավարությունը,
լինելով տվյալ գործարքում կողմ և հարաբերությունը կարգավորող իրավական ակտ
ընդունող, մյուս կողմի՝ սեփականատիրոջ նկատմամբ ձեռք է բերել գերադասելի
կարգավիճակ և սեփականատիրոջ կողմից իր գույքի օտարման կարգն ու պայմանները
վիճարկելու դեպքում դատարանը հենվել է կողմ հանդիսացող կառավարության ընդունած
իրավական ակտի վրա, այսինքն՝ նման վեճի լուծումը՝ հօգուտ վեճի կողմ հանդիսացող
կառավարության, կանխորոշված է եղել: Իհարկե, խոսքը Կառավարության չարդարացված
առավելության մասին էր:
Միաժամանակ,
ինչպես օտարվող սեփականության սեփականատերը, այնպես էլ օտարման արդյունքում
ազդեցության ենթակա այլ քաղաքացիները, որպես կանոն, նախապես պատշաճ կամ
ընդհանրապես տեղեկացված չեն եղել և մասնակից չեն դարձվել համապատասխան որոշումների
ընդունմանը, ինչը հետագայում հանգեցրել է նրանց գույքային իրավունքների խախտման:
Խնդրահարույց է այն, որ մի քանի տասնյակ ընտանիքներ, մեծ մասը բազմանդամ, որոնք
սեփականատերեր են համարվել դեռևս 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես
տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն
ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված
լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած
տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը:
Նման
վիճակ առաջացել է նաև այն պատճառով, որ մինչև վերոհիշյալ ծրագրերը կազմելը և
գործադրելը չի հստակեցվել վերցնելու ենթակա տարածքների, դրանց վրա գտնվող
կառույցների կարգավիճակը, դրանց տիրապետողներին հնարավորություն չի տրվել օգտվելու
իրենց իրավունքների օրինական ձևակերպման օրենսդրական սկզբունքներից: Հակառակը՝
պետական լիազորված մարմինն օգտագործել է իրավունքը բացառող ձևական հիմքերը և
նույնիսկ արգելքներ է ստեղծել նման ձևական
հիմքերը վերացնելու ճանապարհին:
Ինչպես
առուվաճառքի պայմանագրի, այնպես էլ փոխհատուցման պայմանագրի դեպքերում հատկացվող
գումարներից պահվել է 10 տոկոս եկամտահարկ՝ անհիմն անտեսելով «Եկամտահարկի մասին»
օրենքի այն պահանջը, որ փոխհատուցման գումարը հարկվող եկամտից ենթակա է նվազեցման
ամբողջապես:
Նշված
գործընթացին առնչվող խնդիրները մշտապես գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության կենտրոնում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
աշխատանքս սկսել եմ 2004 թվականից: Այն ժամանակ, երբ մենք ստանում էինք ահազանգեր մեզ
համար բարդ էր, քանի որ չունեինք պատկերացում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի
մասին, բայց մենք անընդհատ քաղաքացիների կիսաքանդ բնակարանները այցելելով փորձում էինք
մարդկանց իրավունքները պաշտպանել, քանի որ նաև ոստիկաններն էին այնտեղ գործողություններ
իրականացնում: Կոնֆլիկտային իրավիճակները ևս հաճախ էին հանդիպում: Ես, օրինակ, ականատես
եմ եղել, երբ մարդը գամված լինելով անկողնուն չէր ցանկանում հեռանալ սեփական բնակարանից,
որովհետև պետությունը նաև պատշաճ միջոցներ չէր գործադրել այդ մարդու արժանապատվությանը
վայել բնակարանով հատկացնելու համար: Հետագայում, ես անմիջական մասնակցություն եմ ունեցել,
կազմել ենք Սահմանադրական դատարանին ուղղված դիմում: Դրանից բացի Մարդու իրավունների
երկրորդ պաշտպանը հրապարակել է առնվազն երկու հիմնարար փաստաթուղթ. առաջինը արտահերթ
հրապարակային զեկույն էր, երկրորդը՝ արդար դատաքննությանը վերաբերող հարցերին սեփականության
իրավունքի խախտումներին առնչվող մասով:
Անձամբ
ներգրավված լինելով մեր քաղաքացիների սեփականության և տնտեսական այլ իրավունքների
կոպիտ խախտումների վերաբերյալ բողոքների քննարկման գործընթացին, անձամբ մասնակից
եմ եղել Մարդու իրավունքների առաջին և երկրորդ պաշտպանների կողմից տեղի ունեցածի
գնահատման և ՀՀ կառավարությանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացման
գործընթացին: Պաշտպանը Կառավարությանն առաջարկել էր Երևանի քաղաքապետին
պարտավորեցնել վերանայելու «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրի կապակցությամբ
կնքված գույքի օտարման բոլոր պայմանագրերը՝ թույլ տրված խախտումները վերացելու,
խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:
2006
թվականի մարտին Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Մարդու
իրավունքների պաշտպանը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան՝ գործընթացի իրագործման
դրույթների սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: Ի թիվս այլ փաստարկների՝
դիմումը հիմնավորվել է նրանով, որ վիճարկվող իրավական ակտերից և ոչ մեկում
բացահայտված չեն «հասարակության և պետության կարիք» և «բացառիկ` գերակա հանրային
շահի դեպքերում» հասկացությունները, որոնք միայն կարող էին ընկած լինել
սեփականության իրավունքի սահմանափակման հիմքում, ինչպես նաև դրանք չեն
համապատասխանել իրավական որոշակիության պահանջին: Դիմումը հիմնավորվել է նաև
նրանով, որ չկա անշարժ գույքի վերաբերյալ կոնկրետ օրենք, որում սահմանված լինեին
օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և նշված լիներ, թե օտարվող
անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու:
Կառավարության վիճարկվող որոշումն առհասարակ պատկերացում չի տալիս, թե ինչ
«պետական կարիքներ»-ի մասին է խոսքը և որևէ հիմնավորում չի պարունակում, թե ինչ
պատճառական կապ գոյություն ունի «պետական կարիքների» և վերցվող հողամասի վրա մի
շարք առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող առևտրային գործունեության
միջև:
Մարդու
իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 2006 թվականի
թիվ ՍԴՈ-630 որոշմամբ արձանագրել է, որ հասարակության և պետության կարիքների համար
սեփականության օտարման օրենսդրորեն կարգավորումը պետք է պարտադիր կարգով հիմքում
ունենա այն ելակետային դրույթը, որ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը
կարող է սահմանափակվել կամ դադարել միայն Սահմանադրության 31-րդ հոդվածով (նախկին
խմբագրությամբ) նախատեսված դեպքերում` երաշխավորելով սահմանադրական համապատասխան
պահանջների կատարումը:
Այս
որոշման ընդունմանը հաջորդեցին ՀՀ կառավարության կողմից «Հասարակության և
պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծի մշակման
աշխատանքները: Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանն իր կարծիքը
ներկայացրել է ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ արդարադատության
նախարարության քննարկմանը: Ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է,
այնուամենայնիվ էական նշանակություն ունեցող որոշ առաջարկություններ և
դիտողություններ այդպես է, իմ դիտարկմամբ, առանց պատշաճ հիմնավորումներ
ներկայացնելու հաշվի չեն առնվել:
2006
թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է «Հասարակության և պետության կարիքների համար
սեփականության օտարման մասին» օրենքը:
Բարձրացված
խնդրին քանիցս անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Մասնավորապես, Եվրոպական դատարանը 2009 թվականին կայացրել է որոշում Մինասյանն ու
Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով և գտել է, որ խախտվել է սեփականատիրոջ
իրավունքը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ Եվրոպական
կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի հիմքով: Սա, փաստորեն, Մարդու
իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած առաջին վճիռն է Երևան քաղաքում
պետության և հասարակության կարիքների համար իրացման գոտում գտնվող սեփականության
օտարման արդյունքում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:
Մարդու
իրավունքների Եվրոպական դատարանի այս վճռի լույսի ներքո առավել կարևորվում է
նախնական համարժեք փոխհատուցման նշանակությունը բացառիկ՝ հանրային գերակա շահ
ճանաչված տարածքների օտարման դեպքում:
Երևան
քաղաքում պետության և հասարակության կարիքների համար իրացման գոտում գտնվող
սեփականության օտարման արդյունքում Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության
1-ին հոդվածի խախտում է արձանագրվել նաև Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի մայիսի որոշմամբ, որում դատարանը
նշել է, որ Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու
համար գույքից զրկելը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանը՝
1/ այն
պետք է իրականացվի իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն
բացառող` «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան»,
2/ պետք
է բխի «հանրային շահից»
3/
դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և
համայնքային շահերի միջև:
Չնայած
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված
բազմաթիվ որոշումներին, որոնցում արձանագրվել է Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության
1-ին հոդվածի խախտում և միաժամանակ
Հայաստանի Հանրապետության վրա դրվել է դիմումատուներին որոշակի գումարներ վճարելու
պարտավորություն՝ համակարգային առումով առ այսօր շարունակում է չլուծված մնալ ՀՀ
կառավարության համապատասխան որոշումներով մի շարք բնակելի տարածքներ պետության
կողմից բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և ըստ այդմ՝ 2007 թվականից սկսած
նշված տարածքները ձեռքբերող տարբեր կազմակերպություններին օտարելու, սակայն մինչ
օրս այդ տարածքների նախկին բնակիչներին կազմակերպությունների կողմից փոխհատուցում
չտրամադրելու հարցը:
«Հասարակության
և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը նույնպես խնդրի
վերջնական լուծմանը չի հանգեցրել:
Ինքս
բարձրաձայնել եմ Օրենքում առկա խնդիրները իմ գործունեության վերաբերյալ 2017 և
2018 թվականների տարեկան հաղորդումներում:
Առանցքային
համակարգային խնդիր է ՀՀ կառավարության
համապատասխան որոշումներով մի շարք բնակելի տարածքներ պետության կողմից բացառիկ՝
գերակա հանրային շահ ճանաչելու և ըստ այդմ՝ 2007 թվականից սկսած նշված տարածքները
ձեռքբերող տարբեր կազմակերպություններին օտարելուց հետո մինչ օրս այդ տարածքների
նախկին բնակիչներին կազմակերպությունների կողմից համարժեք փոխհատուցում չտրամադրելու
հարցը:
Միաժամանակ, խնդրահարույց եմ համարում օրենքում տեղ գտած
ձևակերպումները՝ կապված օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք
փոխհատուցում տրամադրելու պահանջի հետ: Այդ կարգավորումների ուժով՝
սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության
սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն, և այս դեպքում կողմերի
համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք
փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի
պատասխանատվությունը։ Այդպիսով ընկերություններն առաջնորդվելով նշված
կարգավորմամբ՝ համապատասխան տարածքներում նախկինում բնակվող անձանց հետ կնքել են
իրացված տարածքների փոխարեն կառուցվելիք բազմաբնակարան շենքերում բնակարաններ
տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր: Մինչ օրս, սակայն, չեն տրամադրվել ոչ՛
բնակարանները և ոչ՛ էլ՝ համարժեք փոխհատուցումը:
Այսպիսով,
օրենքի ոչ բոլոր հոդվածներում է ամրագրվել «նախնական համարժեք փոխհատուցում»
եզրույթը, փոխարենը որոշ տեղերում օգտագործվում է միայն «համարժեք փոխհատուցում»
տերմինը, իսկ փոխհատուցման տրման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմանները ու
կողմերի պատասխանատվությունը որոշելը թողնված է կողմերի հայեցողությանը:
Ինձ
հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են ընկերությունների և
օտարված տարածքների նախկին բնակիչների միջև կնքված պայմանագրերը: Պարզվել է, որ
վերոնշյալ իրավանորմի հիման վրա կողմերի համաձայնությամբ որոշվել է
դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող օտարվող գույքի դիմաց
տրամադրել հետագայում կառուցվելիք բազմաբնակարան շենքերում բնակարաններ: Այսինքն՝
պայմանագրով, ըստ էության, տարաժամկետվել է փոխհատուցման տրամադրումը հստակ
կանխորոշված ժամկետով: Նշված ժամկետը սպառվել է, իսկ համարժեք փոխհատուցումը չի
տրվել և պարզ էլ չէ, թե փոխհատուցումն ընդհանրապես կտրվի, թե ոչ։
Ուսումնասիրելով
բողոքներում շարադրված հանգամանքները վերոնշյալ իրավական նորմերի լույսի ներքո՝
գալիս ենք եզրահանգման, որ օտարված տարածքների նախկին բնակիչներին սեփականության
իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի Արամի, Բուզանդի, Ֆիրդուսի,
Հանրապետության, Խանջյան փողոցներում և Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տարածքները
նախնական համարժեք փոխհատուցում պայմանի կոպիտ խախտմամբ՝ համապատասխան
պայմանագրերով, օտարվել են 30 (երեսուն) ամսյա ժամկետում նորակառույց
բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու, այսինքն` համարժեք
փոխհատուցում ստանալու օրինական ակնկալիքով, որը նույնպես մինչ օրս հաշվի չի
առնվել, իսկ նյութական միջոցը ձեռք բերելու օրինական ակնկալիքը ըստ ՄԻԵԴ
դիրքորոշումների, ևս գույք է համարվում:
Վերոգրյալից
հետևում է, որ քաղաքաշինական նպատակներով որպես բացառիկ՝ գերակա հանրային շահ
հասարակության և պետության կարիքների համար վերոնշյալ տարածքների օտարումը չի
բխում հանրության շահերից, քանի որ նախ՝ նշված տարածքներից շատերում որպես
փոխհատուցում կառուցվող շինությունները (բազմաբնակարան շենքեր) չեն ծառայում իրենց
նպատակին. տարիներ շարունակ մնացել են կիսակառույց, և երկրորդը՝ չեն բխում հանրության
շահերից, քանի որ օտարված տարածքների նախկին իրավատերերը ստիպված են եղել տարիներ
շարունակ բնակվել վարձակալական հիմունքներով, արդյունքում մինչ օրս չստանալով
համարժեք փոխհատուցում:
Հաշվի
առնելով օրենքի ուժով պայմանագրերի կնքման ձևավորված բացասական պրակտիկան՝
անհրաժեշտ է խնդիրը կարգավորել ոչ թե ՀՀ կառավարության գերակա շահ ճանաչելու մասին
յուրաքանչյուր որոշումում օտարվող տարածքի դիմաց ապագայում կառուցվելիք շենքից
բնակարանի տրամադրումը որպես փոխհատուցման ձև բացառող դրույթով, որը ևս ողջունելի
է, այլ անհրաժեշտ է խնդիրը կարգավորել «Հասարակության և պետության կարիքների համար
սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով:
Խնդրահարույց
է նաև պետության սուբսիդիար պատասխանատվության հարցը, «Հանրության գերակա շահերի
ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում պետության սուբսիդիար
պատասխանատվության շրջանակը շատ նեղ է և բացակայում են օտարման գործընթացի
նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության մեխանիզմները:
Այսպես, պետության սուբսիդիար
պատասխանատվությունը ծագում է ձեռքբերողի կողմից միայն օրենքով նշված որոշակի
գործողությունների չկատարման դեպքում։ Մինչդեռ մեզ ներկայացված բազմաթիվ բողոքների
ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության սուբսիդիար
պատասխանատվություն չի սահմանվել այն դեպքերի համար, երբ ձեռքբերող կազմակերպությունների
և օտարված բնակելի տարածքների իրավատերերի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց
ուժով նշված կազմակերպությունները պարտավորվել են պայմանագրերում սահմանված
ժամկետներում կառուցել բազմաբնակարան շենքեր և տրամադրել բնակարաններ, սակայն
նշված շենքերի կառուցման աշխատանքները մինչ օրս մնացել են անավարտ:
Մասնավորապես,
օրենքի դրույթը պետության սուբսիդիար պատասխանատվության ոլորտը նեղացնում է՝ այն
կապելով ձեռքբերողի կողմից որոշակի պարտականությունների չկատարման հետ, որը տվյալ
դեպքում չի հանդիսանում պետության կողմից անձանց սեփականության իրավունքի
պաշտպանության բավարար երաշխիք:
Հաշվի
առնելով վերոգրյալը՝ շատ կարևոր է ընդլայնել պետության սուբսիդիար պարտավորության
շրջանակը և այն տարածել ձեռքբերող կազմակերպությունների և շահառուների միջև ոչ
միայն ապագա, այլ նաև նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ՝ այդ
մասով ևս կատարելով օրենսդրական համապատասխան փոփոխություն, քանզի ըստ ձևավորված
բացասական պրակտիկայի՝ ձեռքբերող կազմակերպությունները բազմաթիվ դեպքերով մինչ օրս
չեն կատարել օտարման պայմանագրերով ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
Հաշվի
առնելով վերոգրյալը՝ 2018 թվականի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համապատասխան
առաջարկներ: