Մարդու իրավունքների պաշտպանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշիառողջության կենտրոն»-ում արձանագրած խնդիրների հիման վրա ՀՀ առողջապահության և
աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ։
Խոսքը վերաբերում է մասնավորապես Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային
մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից ապրիլի 20-ին
չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրներին․ անձանց պահման պայմաններին,
նրանց իրավունքների ապահովման վիճակին, բժշկական օգնության և սպասարկման հարցերին
և այլն։
Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության, դեղերի
շրջանառության վերահսկողության, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վերահսկողության բաժինների
մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Մարդու
իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները վերահաստատվել են, և դրանք վերացնելու
համար տրվել են համապատասխան կարգադրություններ։
Պաշտպանի կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության
կենտրոն»-ում վեր հանված խնդիրների կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ
ունեցող անձանց կենսապայմանների, նրանց իրավունքների ու ազատությունների վիճակի
բարելավման նպատակով Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկներ է
ուղարկել Արարատի մարզպետարան։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային
մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից «Ակադեմիկոս Ա.
Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ չհայտարարված այցի արդյունքները
ամփոփվել են, լուծման առաջարկների հետ մեկտեղ ներկայացվել Առողջապահության
նախարարություն և ոլորտի իրավասու այլ մարմիններ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս ոլորտում պատկան
գերատեսչությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի
արդյունքում Պաշտպանի կողմից վեր հանված մի շարք խնդիրներ արագ արձագանքման
արդյունքում ստանում են համապատասխան լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման
հարցում։