Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային
մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված
այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»
ՓԲԸ:
Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում
անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց
համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն
արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս
համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական
հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և
վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման
պրակտիկան:
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ
խնդիրները.
- հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների
անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար
կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,
- հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն
անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և
պահարանների պակաս կամ բացակայություն,
- հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,
- արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ,
օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման
անհրաժեշտությունը,
- բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,
- արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ.
չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է
պատահականության սկզբունքով,
- արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված
խնդիրներ,
- առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,
- առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի
վերապատրաստման անհրաժեշտություն,
- առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ
կապված խնդիրներ,
- հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային
պայմաններն անբավարար են,
- հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի
հեռախոսահամարներին և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են
հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված
խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու
մարմիններին:
Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը
համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների
իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ
վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ
հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է
նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային
արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը,
շարունակաբար բարելավվեն: