Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է 6-օրյա վերապատրաստումներ հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց համար։ Այս վերապատրաստումները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունեն բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։
Դասընթացին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչների (բժիշկներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ, բուժքույրեր, բուժակներ, սանիտարներ), ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբույժների, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի այլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի մոտեցում պահանջող գործընթաց է և քրեակատարողական համակարգում և հոգեբուժարաններում աշխատող անձինք պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ և պաշտպանված աշխատանք:
«Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումների շարքը կվարեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցներն ու փորձագետները:
6 օրերի ընթացքում կքննարկվեն հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող համակարգային խնդիրները, ներառյալ՝ զսպան միջոցների կիրառման, պացիենտների զննության և հետազոտման չափանիշների, ստացիոնար ընդունելու և դուրս գրելու ընթացակարգերի, իրազեկման և իրազեկված համաձայնության ստացման, հարկադիր և ոչ հոժարակամ բուժման, սկրինինգային հետազոտությունների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, կներկայացվեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները: