Մարդու
իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում
գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ
կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի
ուսումնասիրությունը վկայում է, որ նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու
իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության
վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և
ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ
վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:
Մասնավորապես,
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է՝
• ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն
էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի
թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված
անձանց հանգստի և քնի իրավունքը,
• ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման
նպատակով, ի թիվս այլնի, ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի
հիգիենիկ պարագաներ,
• ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել
մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,
• օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ
ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության
իրականացումը,
• պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների
տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի
ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման
խոչընդոտը:
Մարդու
իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային
մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության
նման օրինակը:
Նախագծի
այլ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
նկատառումները կներկայացվեն կարծիքի տեսքով: