Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը հանդիպում են ունեցել Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական, սոցիալական կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։
«Կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց ակտիվ ներգրավվածությունըերկրի սոցիալ- տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հասարակության շահերից»,- բացման խոսքի ժամանակ ասել է Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը՝ շեշտելով կանանց տնտեսական կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությունը:
USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպումների ժամանակ մարզերում բնակվող քաղաքացիները, հասարակական կազմակերպությունների և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հնարավորություն են ստանում բարձրացնել իրենց հուզող հարցերը, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստանալ լուծումներ:
Հայկ Խաչատրյանը ներկայացրել է նաև ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիներին հուզող այլ հարցեր։