Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Հանրապետական
մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում
հայտարարություններ է անում, որտեղ ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ
բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների
դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում:
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում երեխայի
նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի
ցանկացած ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ճնշումից, շահագործումից, մանկավարժական և
այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով
խախտվում են երեխայի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը:
Անթույլատրելի է նաև ցանկացած տեսակի այդպիսի պատիժ երեխայի նկատմամբ։ Սրանք երեխաների
հիմնարար իրավունքներից են, որոնք նույն կերպ վերաբերում են նաև ուսումնական հաստատությունում
սովորող երեխաներին։ ՀՀ օրենսդրությամբ այս գործողություններն արգելված են և առաջացնում
են պատասխանատվություն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունն այն մասին,
որ նախարարությունը «...բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց
հետո կձեռնարկվեն բացատրությունից և դրա քննարկումից բխող միջոցներ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի
այս խնդիրը և կոչ է անում բոլորին զերծ մնալ այնպիսի արտահայտություններ կամ գործողություններ
անելուց, որոնք խախտում են երեխայի իրավունքները և չեն բխում երեխայի լավագույն շահից: