Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական
խմբին, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով
դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով:
Հանդիպման ժամանակ կողմերը
քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում
կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման
Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական
փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին և արդեն իսկ ներկայացրել է
առաջարկություններ:
Պաշտպանը նշել է, որ դատական
համակարգում առկա են խնդիրներ կապված կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին
անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և
այլն։
Մարդու իրավունքների պաշտպանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր
փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության,
անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը,
ինչպես նաև լուծումներ տան համակարգային խնդիրներին:
Պաշտպանը նաև ընդգծել է, որ
պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին
դատաիրավական փոփոխություններում և կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև կապող
օղակ հանդիսանալ քաղաքացիական հասարակության և պետության արդյունավետ
հաղորդակցության ապահովման հարցերում:
Վենետիկի հանձնաժողովի
փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի
տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը երկրի իրավական համակարգի
կատարելագործման հարցերում: