Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:
ՈՒսումնասիրվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել կալանավորված Ա.Սարգսյանի հետ:
Առանձնազրույցների ընթացքում Ա.Սարգսյանը հայտնել է, որ հացադուլ է հայտարարել իր նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անհիմն ընտրելու կապակցությամբ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: