Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:
Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակի առիթով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի իավապաշտպան երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը:
Արման Թաթոյանը հատուկ ընդգծել և բարձր է գնահատել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած պատվիրակություններն այցելել են նաև Արցախի պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Արմեն Սարգսյանի, ինչպես նաև ուսանողների և դասախոսական կազմի հետ։
Արման Թաթոյանը ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու սկզբունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և այդ հարցում համագործակցության վերաբերյալ հարցեր:
«Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից: Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։