Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:
Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարևոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: Պաշտպանը վերահաստատել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է, և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: