Հունվարի
30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության
պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց:
Դասընթացն
իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում,
որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի
ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։
Ողջունելով
դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության
ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատանքի կարևոր ուղղություններից և առաջնահերթություններից են:
Դասընթացը
վարել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) գենդերային հավասարության
պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը և ՄԱԶԾ գենդերային հավասարության փորձագետ Ժաննա
Գևորգյանը:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը ընդգծել է Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների
շարունակականությունը և այդ ուղղությամբ կատարած քայլերը:
Հանդիպման
ընթացքում ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի
շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները,
գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղություններն, ինչպես
նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։
Վերապատրաստման
դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական
հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի
կողմից: